• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի վերաբերյալ

25 մարտի, 2021
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2021թ-ի փետրվարի 22-ից մարտի 24-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ԿՈՎԻԴ-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի ունեցավ ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն անցկացվեց առցանց ձևաչափով՝ ՄԻԽ բանաձևերն ընդունելու նպատակով։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Իր ելույթում նախարար Այվազյանն անդրադարձավ ՄԻԽ անդամակցության առաջին տարում Հայաստանի գործունեությանը, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման, մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում սկզբունքային աշխատանքն ու դիրքորոշումները: Ներկայացվեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, այդ թվում Թուրքիայի օժանդակությամբ օտարերկրյա ահաբեկիչների ներգրավումը: Նախարարը շեշտեց նաև զինադադարից հետո շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման և միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների մասին: Շեշտվեց արդարության համար պայքարող Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարևորությունը:

ՄԻԽ 46-րդ նստաշրջանի օրակարգում էին ռասիզմի և այլատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման և մի շարք այլ հարցեր: Քննարկվեցին նաև կրոնական ազատությունների, մշակութային, բնապահպանական իրավունքների խնդիրները՝  COVID-19 համավարակի համատեքստում: Մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Փետրվարի 26-ին ՄԻԽ օրակարգի 2-րդ կետի ներքո Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Միշել Բաչելետն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մասնավորապես հայտնելով, որ ինքը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի իր գրասենյակը հնարավորություն ստանա մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծեց, որ միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է հետաքննվեն, մեղավորները պատժվեն, իսկ տուժածները փոխհատուցում ստանան։ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նաև շեշտեց, որ բոլոր գերեվարված անձիք, պետք է պաշտպանվեն միջազգային իրավունքի համաձայն և արժանանան մարդկային վերաբերմունքի:

Նրա հայտարարությանը հաջորդած ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանը և մի շարք այլ երկրներ բարձրացրեցին Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորական և քաղաքակացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցը։ Խնդրին անդրադարձավ Պորտուգալիան, որը խոսեց Եվրոպական Միության անդամ քսանյոթ պետությունների, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Ալ­բանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լիխտենշտեյնի և Հայաստանի՝ ընդհանուր առմամբ 34 երկրի անունից։ Գերիների իրավունքների պաշտպանության խնդրին առանձին անդրադարձ կատարեցին նաև մի շարք այլ երկրներ՝ ազգային կարգավիճակով։

ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակեց 6 բանաձև և միացավ 11 համատեղ հայտարարության, որոնք նվիրված էին մարդու իրավուքների պաշտպանության հրատապ խնդիրներին։ 

ՄԻԽ նստաշրջանի ժամանակ Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հանդես եկավ 53 ելույթներով՝ ներկայացնելով մեր երկրի առաջնայնությունները մարդու իրավունքների խնդիրների շուրջ: ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում հայկական կողմից ներկայացվեցին Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները: ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասով պարտավորությունների չկատարման, բնիկ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման, դեպի Արցախ միջազգային կառույցների մուտքը խոչընդոտելու, տեղահանված անձանց իրավունքները ոտնահարելու ադրբեջանական քաղաքականությունը և հայերի հանդեպ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունքն ու ատելության սերմանումը: Ներկայացվեցին մանրամասներ Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության ու վարձկան ահաբեկիչների օգտագործման վերաբերյալ։ ՀՀ կողմից անդրադարձներ կատարվեցին նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, իրավապաշտպանների հետապնդումների և սպանությունների, հայատյացության ծայրահեղ դրսևորումների վրա: Վերահաստատվեց հայկական կողմի հանձնառությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների հարգման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա: Վերոնշյալ հարցերի շուրջ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԻԽ շրջանակներում տարածեց մի շարք հայտագրեր, տեղեկատվական նյութեր և զեկույցներ։

ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կկայանա ս.թ. հունիսին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: